Նոր Սահմանադրություն՝ առանց Անկախության հռչակագրի
Նախագծի տեքստը պատրաստ է ․ Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև խմբակցությունում։
Նոր Մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումն է, որը հանելուն մոտ մեկ տարի առաջ կողմ է արտահայտվել վարչապետը: Փաշինյանը օրերս վերահաստատեց իր դիրքորոշումը. «Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ՝ ինչու, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- հայտարարել է վարչապետը: