Երկրորդ նախագահը երկրորդ անգամ վարչապետի թեկնածու
Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի ցուցակը
Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Երևանում կազմակերպված արարողության ժամանակ Երկրորդ նախագահը հայտարարել է, որ վճռական են տրամադրված և իրենց նպատակը հաղթանակն է․
«Չարիքը, որին մարմնավորում է այս իշխանությունը, կպարտվի։ Ես նրանց դեմ պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին իսկ օրերից և չեմ հանգստանա, մինչև նրանք չհեռացվեն։ Ես նաև սրանով եմ տարբերվում վարչապետի մյուս թեկնածուներից։ Բայց սա բավարար չէ։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր պատասխանատու են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը և այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պատմությունը»,- նշեց Քոչարյանը։
Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել են շարունակել իրենց համագործակցությունը։ Դրա մասին մարտի 16-ին հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ և «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մեզ միացել են «Առաջ» կուսակցությունը և բազմաթիվ հասարակական գործիչներ, և մենք ընտրություններին կմասնակցենք որպես «Հայաստան» դաշինք»,- նշել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։