Բենզինը կթանկանա

Բենզինը կթանկանա

Չի կարող նավթի գինը 2 անգամ բարձրանալ, բենզինի գինը մնա նույնը․ Պապոյան

Այն, որ Ռուսաստանն ապրիլի 1–ից սահմանափակում է բենզինի արտահանումը, մեզ վրա չի ազդելու, մենք որպես ԵԱՏՄ անդամ, ունենք այնտեղ մեր քվոտաները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4–ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Իրականում մենք հիմա քիչ ենք բենզին ներմուծում ՌԴ–ից։ Վերջին ամիսներին ռուսական բենզինի մասնաբաժինը փոքր է, ավելի շատ եվրոպական ծագման էր, մասամբ ադրբեջանական ու իրանական։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ փոքր մասնաբաժնի դեպքում նման խնդիր չկա»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ այդուհանդերձ, բենզինի գինը ՀՀ–ում բարձրացել է, Պապոյանն ասաց. «Հայաստանը այն երկրներից է, որտեղ ամենաքիչն է բարձրացել բենզինի գինը։ Երկրներ կան, որտեղ 2-3 անգամ է գինը բարձրացել՝ Ասիայում ու Եվրոպայում։ Մեզ մոտ դեռևս տոկոսներով է բարձրացել, բայց մենք, ցավոք սրտի, ունենք կանխատեսում, որ բարձրանալու է, որովհետեւ չի կարող նավթի գինը 2 անգամ բարձրանալ ու դա չազդի բենզինի գների վրա։

Դրա համար մենք այժմ նվազագույնը գյուղատնտեսության համար սուբսիդավորման ծրագիր մտածում ենք՝ դիզվառելիքի համար, որպեսզի մեր գյուղաբնակների համար գարնանային աշխատանքները լինեն մաքսիմալ ոչ դժվար։ Բայց պրոցեսներն այնպիսին են, որ բոլոր տեսակի նավթամթերքների գներն աճում են։ Այստեղ միայն Իրանի խնդիր չէ, Մերձավոր Արևելքի այլ խոշոր արտադրողները խնդիր ունեն Հորմուզի նեղուցով մատակարարումներ անելու և դա բերել է գների աճի»,–ասաց Էկոնոմիկայի նախարարը։

Նախորդ հոդվածը
Երևան-Մոսկվա հարաբերությունները անդառնալի կետո՞ւմ են
Հաջորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչապետի թեկնածու