Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ (Յուսիֆբեյլի) գյուղի շիական մզկիթը
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ-ի ֆբ էջից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի իշխանություններն Արցախի հայկական եկեղեցիների հետ մեկտեղ ոչնչացնում են նաև շիական մզկիթները: Այս մասին փաստում են վերջերս հրապարակված արբանյակային պատկերները։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ևս ահազանգում է՝ ադրբեջանցիներն արդեն քանդում են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական հուշարձանները։
«Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել մշակութային ցեղասպանություն։ Եթե նախկինում միջազգային կառույցները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականության վերաբերյալ, ապա այժմ ակնհայտ է, որ նույն վարքագծի զոհ են դառնում անգամ իսլամական հուշարձանները, որոնց հանդեպ Բաքվի բռնապետական վարչակարգը ցուցաբերում է նույն աստիճանի անտարբերություն և ոչնչացման քաղաքականություն։
Այս մտահոգիչ իրականության ամենաթարմ և ցցուն փաստերից մեկն է «շինարարական աշխատանքների» պատրվակի տակ հիմնահատակ ոչնչացված Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի շիական մզկիթը։ Հուշարձանի ոչնչացման մասին ահազանգել է Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ ներկայացնելով ապացույցներ, որոնք դժվար է որակել այլ կերպ, քան պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն (https://www.facebook.com/share/p/19DCnsDePR/ )։
Դեռևս 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր կերպով թիրախավորում էին Շուշիի մզկիթները։ Մասնավորապես, 2020 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի հրթիռակոծության ժամանակ վնասվել է նաև Շուշիի Գոհար աղայի Վերին մզկիթը։ Սրանք մեկ ընդհանուր տրամաբանության բաղադրիչներ են՝ տարածքի պատմական բազմազանությունը վերացնելու, մշակութային հիշողությունը «միատարրացնելու» և անցյալը վերաշարադրելու քաղաքականություն։
Այս փաստերի համադրությունը վկայում է, որ Ադրբեջանի պետական համակարգը գործում է ոչ թե որպես տարածաշրջանային կայունության, բազմամշակութայնության և ժառանգության պահպանության պատասխանատու սուբյեկտ, այլ՝ որպես քաղաքակրթական ժառանգության համակարգված ոչնչացման նախաձեռնող և իրականացնող ուժ։ Այս վարքագիծը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հաագայի կոնվենցիայի և մի շարք միջազգային համաձայնագրերի հիմնարար դրույթներին, որոնցով պետություններն պարտավորվում են պաշտպանել ոչ միայն սեփական, այլև այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը։
Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության անհապաղ և նպատակային արձագանք։ Մշակութային ժառանգության ոչնչացումը որևէ տարածաշրջանում չի կարող դիտարկվել որպես տեղային խնդիր․ այն համաշխարհային քաղաքակրթության հանդեպ ուղղված մարտահրավեր է։ Եվ հենց այս համատեքստում Ադրբեջանը ներկայանում է ոչ թե որպես ժամանակակից, պատասխանատու պետություն, այլ որպես աշխարհի մշակութային ժառանգության անվտանգության համար իրական սպառնալիք»,- գրել է Հ.Ավանեսովը։