Մշակութային ցեղասպանության հետքերով․ նոր ուսումնասիրություն Արցախի մասին

Մշակութային ցեղասպանության հետքերով․ նոր ուսումնասիրություն Արցախի մասին

Ժառանգություն, որ փորձում են ջնջել․ Արցախի մշակույթի մասին նոր ուսումնասիրություն է հրատարակվել ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, հրատարակել է պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանի նոր ուսումնասիրությունը՝ «Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020–2025 թթ․)» խորագրով։

Հեղինակի ուսումնասիրությունը կենտրոնանում է Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգության ճակատագրի վրա՝ վերլուծելով 2020–2025 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական գործողությունների, էթնիկ զտման և ռասայական խտրականության հետևանքով մշակութային արժեքների համակարգված ոչնչացման և յուրացման գործընթացները։ Աշխատանքում հատուկ ընդգծվում է մշակութային ժառանգության՝ որպես համամարդկային արժեքի պահպանության կարևորությունը։

Մենագրությունում ներկայացվում են նաև մշակութային արժեքների պաշտպանության միջազգային իրավական և հումանիտար մեխանիզմները՝ ցույց տալով, թե ինչ դեր կարող են ունենալ դրանք Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում։

Հրատարակությունը հասցեագրված է մշակույթի, պատմության և ժառանգության պահպանմամբ զբաղվող մասնագետներին, ինչպես նաև բոլոր նրանց, ում համար Արցախի մշակութային ժառանգության պահպանումը համամարդկային արժեք է։

Նախորդ հոդվածը
Բաղաբերդ ամրոցը շուտով կվերականգնվի
Հաջորդ հոդվածը
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի