ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋԸ
Կամրջելով Երևանի անցյալն ու ներկան․ Զբոսաշրջային նոր հասցե մայրաքաղաքում
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվել է՝ ամփոփելով նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ համագործակցության շրջանակում։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ Կառավարությունը էապես մեծ ծավալով է իրականացնում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքները՝ բազմապատկելով պետական բյուջեի հատկացումները:Հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված հուշագրի շրջանակում:
«Կարմիր կամուրջը» հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5մ լայնություն։ Հրազդանի կիրճի ափերը միմյանց կապելով՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր: Կամուրջը 10-13 րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով:
Վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ են արվել 1830-ական, 1960- ական թվականներին, որոնց ընթացքում կամրջի երկու եզրերում ամրաշինական նպատակներով ավելացվել են բազալտե հենապատեր: Հետագայում՝ 1980-ականներին իրականացված վերականգնման աշխատանքներն անավարտ են մնացել: Մինչ ամբողջական վերականգնումը՝ պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը․ կամուրջը, ըստ էության, ավերված էր և ուներ հրատապ վերականգնման կարիք։ 2024-2025 թթ. «Կարմիր կամուրջը» վերականգնվել է` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը: