Ո՞ՒՐ ԳՆԱԼ ԱՅՍ ՇԱԲԱԹ
Բջնի ամրոց՝ միջնադարյան Հայաստանի անառիկ բերդը
Աշնանային մեղմ եղանակը հիանալի առիթ է ճամփորդելու համար՝ ինչպես ընտանիքով, այնպես էլ ընկերների, բարեկամների հետ։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Հայաստանի միջնադարյան ամրոցաշինության կարևորագույն անուններից մեկը՝ Բջնի ամրոց-հնավայրը։
Բջնի հնավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան մարզկենտրոնից 13 կմ հարավարևմուտք` համանուն գյուղի մերձակա հրվանդանների վրա, Հրազդան գետի երկու ափերին: Բջնիի ամրոցը բաժանված է երկու հատվածի` Մեծ (Վերին) բերդի, որն ընդգրկում է հետևյալ հուշարձանները. Ս. Խաչ եկեղեցի, Ջրամբար` X դ., Պալատ՝ X դ. և Ստորին բերդի` X-XVІ դդ., գաղտնուղիով ` X դ., X-XV դդ. արտադրական և բնակելի բազմաշերտ համալիրները, ինչպես նաև` X-XI դդ. դեռ մասամբ պեղված` սրբատաշ քարերով կառուցված մոնումենտալ աշխարհիկ շենքը: Բջնի հնավայրի պահպանական գոտու տարածքը կազմում է 17,5 հա, իսկ բուն ամրոցինը` 7.0,6 հա:
Բջնիում հնագիտական առաջին պեղումները կատարվել են 1928 թ.: Այդ ժամանակ կամ դրանից մի տարի անց Բջնիում գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր: Նույն հրվանդանի վրա է գտնվում նաև ընդարձակ կիկլոպյան ամրոցը, որի տարածքում մշակութային հետքերը վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև անտիկ դարաշրջանը ներառյալ:
1977-1978 թթ. պեղումների արդյունքում բացվել են խաչաձև հատակագծով, կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը (IX-X դդ.), ջրամբարը, գաղտնուղին, երկու դահլիճներից բաղկացած թաղակապ պալատական շենքը` սեղանատնով հանդերձ, վաղմիջնադարյան եկեղեցու աշխարհիկ և պաշտամունքային շինությունների մանրամասեր, բազմաթիվ փոքր և դեռևս չպեղված ու մակերևույթին տեսանելի սենյակներ, բնակելի տներ:
2002-2007 թթ. պեղումների արդյունքում միջնադարյան ամրոցի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. I դ. բնորոշ սև լաքապատ խեցեղենի բեկորներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ միջնադարյան ամրոցի տարածքը բնակեցված էր առնվազն անտիկ շրջանում:
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Բջնիի մասին առաջին հիշատակությունը թողել է V դարի պատմիչ Ղազար Փարպեցին: Ենթադրվում է, որ Բջնի անունը դեռևս Վանի թագավորությունից եկող Բուրգանա անվան հաջորդական աղավաղումների արդյունք է /տարբերակներ են առաջարկված Գրիգոր Ղափանցյանի և Հովհաննես Կարագյոզյանի կողմից/:
X դարից նրա պատմությունը կապված է Պահլավունիների նախարարական տան հետ, որոնք վերակառուցել են և դարձրել իրենց իշխանանիստ բերդաքաղաքը: Բերդը հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են հինավուրց բերդը` դարձնելով հզոր ամրոց, որը Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից հսկող պաշտպանական համակարգի կարևորագույն հենակետերից էր: 1066թ. կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում: XI-XIVդդ. Բջնին դառնում է եպիսկոպոսանիստ ավան: XІ դարում Բջնին հայ նշանավոր գիտնական և քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոսի տիրույթն էր: Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) հետո Գրիգոր Մագիստրոսը Բջնին և մյուս տիրույթները հարկադրաբար զիջել է Բյուզանդիային` Միջագետքում ստացած կալվածքների դիմաց: 1072 թ. Բջնին գրավել են սելջուկ-թուրքերը և հանձնել Շադդադյան կոչվող քրդական ցեղերին: XIII դ. սկզբին Իվանե և Զաքարե Զաքարյաններն ազատագրել են Բջնին, որը դարձել է Իվանե Զաքարյանի իշխանանիստը: 1387-1388 թթ. գյուղը ենթարկվել է Լենկթեմուրի ասպատակություններին: Ավերվել է XIV-XVII դդ.: 1673 թ. այստեղ իջևանել է ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը: 1770 թ. Բջնի է այցելել նաև ֆրանսիացի ճանապարհորդ Տուրնեֆորը: Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր: Մեզ են հասել XIІ-XVІI դդ. այստեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր: Այսպիսով` Բջնին Արևելյան Հայաստանի այն բնակավայրերից է, որը ներկայացնում է հնագույն փուլերից մինչև նորագույն ժամանակաշրջանները հասնող և գրեթե չընդհատվող մի մշակույթ: