ՎԱՆԴԱԼԻԶՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ՎԱՆԴԱԼԻԶՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Թշնամու ձեռքը հասել է Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցուն

Օկուպացված Արցախում թշնամին շարունակում է պղծել հայկական  պատմամշակութային հուշարձանները։  Հերթական վանդալիզմի մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument watch խումբը։ Մասնագետներն արձանագրել են, որ ադրբեջանցիներն վնասել են Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցին։ Մասնավորապես Արցախի օկուպացիայից հետո եկեղեցու վրա կրակահերթերի թարմ հետքեր են արձանագրվել, ինչի մասին փաստում են ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակված տեսանյութերը․ Փաստ է նաև, որ օկուպանտները միտումնավոր ջարդել են նաև 2004-ին կառուցված  եկեղեցու պատուհանները։ 

2020-ի պատերազմից ու հետո նաև 2023-ի բռնի տեղահանումից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, մասնագետները պարբերաբար ահազանգում են Արցախում եկեղեցիների, վանքերի, այլ պատմամշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի դեպքերի մասին։ Անցած տարիներին Արցախում քանդվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ անունով հայտնի եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, հիմնահատակ վերացվել են առանձին բնակավայրեր ու թաղամասեր, ինչպես օրինակ Քարին տակ գյուղը, Ստեփանակերտի առանձին թաղամասեր:

Աշնան սկզբին Ադրբեջանը վերացրեց Արցախի արտգործնախարարության շենքը։ Ադրբեջանը վերացրել է նաև կիսանդրիներ, հայրենական ու արցախյան պատերազմներին նվիրված բազմաթիվ հուշարձաներ։ 

Նախորդ հոդվածը
Տավուշի համն ու հոտը՝ Բերդի թանգարանում
Հաջորդ հոդվածը
Ո՞ՒՐ ԳՆԱԼ ԱՅՍ ՇԱԲԱԹ