Հառիճը պատմում է իր պատմությունը

Հառիճը պատմում է իր պատմությունը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացել է «Հառիճի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսի բացումը




Հառիճը միշտ եղել է հետազոտողների ուշադրության կենտրոնում և առանցքային նշանակություն է ունեցել տարածաշրջանի հնագիտության համար։ Մեծածավալ  պեղումները Հառիճում սկսվում են 1966 թվականին: Այստեղ պեղվել են վաղբրոնզեդարյան բնակատեղի, միջին և ուշ բրոնզ-երկաթի դարերով թվագրվող 120 դամբարաններ, միջնադարյան բնակատեղի և եկեղեցի ։ Հուշարձանն ունի շուրջ 12 հա մակերես։ Պեղումների արդյունքում հայտնաբերված  հնագիտական գտածոները տարիներ անց , 1971 թվականին,  հայտնվում են Հառիճի թանգարանի ցուցափեղկերում:  Սակայն թանգարանի գործունեությունը ավարտվում է 20 տարի անց , 1991 թվականին։ Ֆոնդի առարկաների մեծ մասը տեղափոխվում է Հայաստանի պատմության թանգարան, մի մասն էլ պահվում է «Պահպանության ծառայություն»-ում:

Ցուցահանդեսին ներկայացված են Հառիճի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութեր, ինչպես նաև ազգագրական արժեքավոր առարկաներ, որոնք Հառիճի թանգարանի լուծարումից հետո պահվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում։

Ցուցադրության առանցքում միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը` Հառիճավանքի համալիրն է` իր հարուստ պատմությամբ ու ճարտարապետական առանձնահատկություններով։

Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Հառիճավանքն ավերվել է XI դ. սելջուկյան  արշավանքների ժամանակ։ Տարբեր ժամանակներում այն վերականգնվել է։ Հառիճավանքնում հերթական վերականգնման աշխատանքներ իրականացվել են 95-99, 2005-2006, և 2010 թվականներին։ 

Ցուցադրված են նաև վանական համալիրի արխիվային լուսանկարներ, չափագրություններ, վերականգնման աշխատանքների վերաբերյալ վավերագրեր։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հառիճավանքի վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Ալեքսանդր Ջալալյանը, ով ընդգծելով Հառիճավանքի ճարտարապետական արժեքը՝ նշեց․ «Չնայած իրականացրած վերականգնման աշխատանքներին, չի կարելի համարել, որ դրանք ամբողջությամբ ավարտված են։ Դեռ բավական աշխատանք կա անելու։»




Հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն էլ ընդգծում է Հառիճի՝ որպես հնագույն բնակավայրի հնագիտական նշանակությունը։ «Հառիճի՝  որպես բնակավայրի  անընդհատական գոյությունը շարունակվում է արդեն 4․5 հազարամյակ և ի տարբերություն մեր մյուս հնագույն բնակատեղիների, այն ավելի ուսումնասիրված է։ Հառիճում պեղումներ են իրականացրել պատմաբան,  հնագետ Տելեմակ Խաչատրյանն (վաղ շրջան) ու Ֆրինա Բաբայանը (միջնադարի շրջան)։ Բավական հարուստ նյութ ունենք Հառիճի պեղումներից, բայց, վստահաբար, Հառիճը դեռ շատ բան ունի պատմելու»։

Ցուցահանդեսի բացմանը Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» ուսանողական երգչախմբի կատարմամբ հնչեցին մեծն Կոմիտասի ստեղծագործություններից (հայտնի է, որ Կոմիտասը Հառիճավանքում գրի է առել տասնյակ երգեր ու ստեղծել առաջին երգչախումբը)։


Հառիճի հարուստ անցյալի, դրա հետքը կրող ներկայի , հայտնի ու իրենց ծննդավայրն անսահման սիրող հառիճեցիների,  Հառիճավանքի հրաշագործ ազդեցության ու ավանդազրույցների մասին պատմող ֆիլմն էլ ամբողջացրեց ցուցահանդեսի բովանդակությունը՝ ներկաներին մի պահ տեղափոխելով պատմական Հառիճ։

Ցուցահանդեսի նպատակն է՝ վերարժևորել  Հառիճի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, հոգևոր֊կրթական ավանդույթները և  Հառիճի դերը հայկական ազգային ինքնության, պատմական հիշողության,  մշակութային շարունակականության պահպանման ճանապարհին։

Ցուցահանդեսը բաց է մինչև տարեվերջ։

 

Նախորդ հոդվածը
Սերս գաղտնի չի մնա
Հաջորդ հոդվածը
Հուշարձանների տարածքներում վանդալիզմի դեպքերը կրկնվում են․ ահազանգ