Նոր շունչ՝ հին գտածոներին
Բերդից հայտնաբերված բացառիկ գտածոները ամրակայվում են
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում մեկնարկել են հնագիտական առարկաների վերականգնման, ամրակայման աշխատանքները։
Վերականգնող մասնագետների ձեռքին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքից հայտնաբերված խեցեղեն բեկորներն են։ Տասնյակ ու հարյուրավոր անշունչ առարկաները շուտով նոր շունչ կստանան հմուտ մասնագետների ձեռքով։ Ըստ նախնական ուսումնասիրությունների, Բերդից պատահաբար հայտնաբերված կահ-կարասին թվագրվում է մ.թ.ա. 20-19-րդ դարերով։
Վերականգնող մասնագետները խնամքով մաքրել են դարերի փոշին և արդեն ակնառու են գունազարդ անոթների մակերեսի վրա սև ներկով արված նախշերը, որոնք կենդանական և բուսական աշխարհի խորհուրդն ունեն։ Մասնագետները փաստում են, որ նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում և հետաքրքրականն այնն է, որ մինչև այսօր Բերդի տարածքից չէր հայտնաբերվել վաղ բրոնզի դարով թվագրվող հնագիտական առարկաներ։
Մեկ անոթ արդեն վերականգնված է, մյուսները սպասում են իրենց հերթին։Բերդից շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված հնագիտական առարկաները շուտով իրենց տեղը կգտնեն «Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարանում։