Սուրբ Սարգիսը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
18-19-րդ դարերի անհայտ նկարիչների աշխատանքների նոր ցուցադրություն՝ հին շնչով։
Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում ցուցադրվում են 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սրբապատկերներն ունեն ոչ միայն բարձր գեղարվեստական արժեք, այլև ուշագրավ պատմություն. առաջին սրբանկարը պատկերասրահ է բերվել Աշտարակի 7-րդ դարի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց (1939 թ.), մյուսը՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցուց (1940 թ.)։
Ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է հաղորդակցվելու հայ միջնադարյան հոգևոր ժառանգությանը, տեսնելու սրբերի պատկերագրության ինքնատիպ նմուշները։

Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի և տեղում կառուցում եկեղեցի: Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի է բերվում Սրբի մասունքակիր աջը և Մատենադարանից 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը։ Մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: