Հաղորդավարը ճիշտ էր, վարչապետը՝ սխալ

Հաղորդավարը ճիշտ էր, վարչապետը՝ սխալ

ԱԺ նախագահն առնվազն երկու անգամ չի բացառել, որ ադրբեջանցիները կարող են գալ և Հայաստանում բնակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին «Արմենիա» հեռուստատեսության եթերում բացառել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե հայերը կարող են Ադրբեջանում ապրել, իսկ ադրբեջանցիները՝ գալ Հայաստան։

«Ստուգված է»-ն պարզել է, որ վարչապետը սխալվել է, քանի որ ԱԺ նախագահն առնվազն երկու անգամ այդ միտքը կրկնել է։ Հաղորդավարի մեջբերումն ու Փաշինյանի արձագանքը

Հաղորդավար Հայկ Նավասարդյանը վարչապետի հետ զրույցում մեջբերել էր Ալեն Սիմոնյանի խոսքերը․

«Ձեր գործընկեր Ալեն Սիմոնյանն ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ կարող է հայերն ու ադրբեջանցիները ապրեն կողք կողքի։ Օրինակ՝ հայերը գնան Ադրբեջանի տարածք (ես մեջբերում եմ) իրենց տներում բնակվեն, ադրբեջանցիները վերադառնան Հայաստանում ապրեն»,- նշում է հաղորդավարն ու այս կոնտեքստում խնդրում մեկնաբանել ընդդիմության խոսույթը, թե Փաշինյանի վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցիներ կվերաբնակեցվեն Հայաստանում։ 

Փաշինյանը նախքան մեկնաբանելը նշել էր, որ Հայկ Նավասարդյանը ճշգրիտ չի մեջբերում ԱԺ նախագահի խոսքերը․

«Եթե խոսքը եղել է հայաստանցիների՝ Ադրբեջան գնալու և ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հնարավորության մասին, խոսքը կարող է լինել որպես զբոսաշրջիկ գնալու մասին, որովհետև երբ խաղաղություն է, X պահի նաև էդ կետն է հասնելու։ Ալեն Սիմոնյանը չէր կարող ասել այն, ինչ դուք մեջբերեցիք։ Պարզապես չէր կարող ասել»,- ասում է Փաշինյանը։

Իսկ իրականում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ճիշտ էր մեջբերված։ Ավելին՝ ԱԺ խոսնակը այդ միտքը մեկ անգամ չէ, որ կրկնել է։

2023 թվականի նոյեմբերի 28-ին Սիմոնյանը ճեպազրույցում ասել էր, որ գալու է ժամանակ, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն իրար կողքի և առևտուր անեն․

«Չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք՝ իրենց տները։ Չեմ բացառում, որ ինչ-որ ադրբեջանցիներ կարող է ինչ-որ ժամանակ անց գան և էստեղ բնակություն հաստատեն»,- ասել էր Սիմոնյանը։

Նույն միտքը նա կրկնել էր 2025-ի մայիսի 27-ի ճեպազրույցում․
«Երբ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ էն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում։ Ասենք ոնց են հիմա հայերն ապրում Վրաստանում։ Նույն տրամաբանության մեջ»,- ասել էր նա։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով լրագրողի հարցին, թե շրջանառվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանում» ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը և հայերի՝ Ադրբեջան վերադարձի, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ մոտ ժամանակներս դա անհնար է․

«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի, Բաքու կամ այն բնակավայրեր, որոնք պատմականորեն եղել են հայկական»։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սխալվել է՝ բացառելով, թե Ալեն Սիմոնյանը նման հայտարարություն չէր կարող անել։

300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները սկսեցին դեռևս 2024 թվականի դեկտեմբերից, երբ Ադրբեջանի նախագահը հայտնեց, թե մոտ 300,000 ադրբեջանցիներ, որոնք 1980-90-ականներին հեռացել են Հայաստանից, ցանկանում են վերադառնալ։

Խոսակցություններն առավել ակտիվացան 2026-ի ապրիլի 29-ին՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան այցից հետո։ Ռուսաստանաբնակ մեդիագործարար Արամ Գաբրիելյանովը գրել էր, թե վերջինս ժամանել է 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան քննարկելու համար։

Կառավարությունը բազմիցս հերքել է 300,000 ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին պնդումները։

Նախորդ հոդվածը
Սրանք դեռ ծաղիկնե՞րն են