Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ
Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ևս երկու ամսով։ Հանրային մեղադրողը կալանքը երեք ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել,իսկ պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոց սահմանել տնային կալանքը՝ 20 միլիոն դրամ գրավի համակցությամբ: Հիշեցնենք, Քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքին։ Վարդան Ղուկասյանը, ըստ առաջադրված մեղադրանքի, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետ՝ Հենրիկ Գասպարյանի հետ, Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք: Գյումրիի 65-ամյա ընդդիմադիր քաղաքապետը առաջադրված մեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։