ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՐԱՏԱՊ ՊԵՂՈՒՄՆԵՐ
Շինարարական աշխատանքների ժամանակ պատահմամբ հայտնաբերված կարասներն ընդամենը մի մասն են հնագիտական արժեքավոր նյութի:
Նախնական նյութը թույլ է տալիս ենթադրել, որ գործ ունենք մ.թ.ա. 20-19-րդ դարերի գտածոների հետ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը համաձայնության է եկել Բերդի համայնքապետարանի հետ՝ ժամանակավոր դադարեցնել շինարարական աշխատանքները բարեկարգվող ճանապարհի այն հատվածում, որտեղ հայտնաբերվել է դամբարանը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի հսկողությամբ ու մասնակցությամբ տարածքը մանրամասն պեղելուց ու մաքրելուց հետո միայն պարզ կդառնա շինարարության հետագա ընթացը:
Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 5 կարաս ու մեծ քանակությամբ կենդանիների ոսկորներ: «Դրանք հավանաբար շուրջ 60-70սմ բարձրությամբ անոթներ են եղել: Մասնագիտական գրականության մեջ դրանց երբեմն հիդրիաներ են անվանում՝ ջրամաններ: Գունազարդ անոթների նարնջագույն մակերեսի վրա սև ներկով արված նախշեր են: Կենդանական և խորհրդանշային աշխարհն այդ անոթների վրա երևում է, այդ իսկ պատճառով դրանք շատ հետաքրքիր տեղեկատվություն են տալիս: Նման անոթներ կան Արարատյան դաշտում, Վանի ավազանում, Կարնո դաշտում: 4000 տարի առաջ ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքը պատմամշակութային ընդհանրություն էր ներկայացնում»,- նախնական գնահատականն է տալիս պեղող հնագետ Աշոտ Փիլիպոսյանը:
«Սա իսկապես դամբարան է, հիմնահողային դամբարան, որը շատ բնորոշ է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին: Մենք բազմաթիվ դամբարաններ ունենք, որտեղ հայտնաբերվել են խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, անասունների զոհաբերությունների մասին վկայող գտածոներ, սակայն մարդկային կմախքներ չեն հայտնաբերվել, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածված է եղել դիակիզումը: 4000 տարի առաջ արդեն Հայկական լեռնաշխարհն այն տարածքն էր, որտեղ հնդեվրոպական ցեղերի տեղաշարժ էր կատարվում: Եվ ահա Բերդի փողոցներից մեկում դամբարան է բացվել: Շատ գովելի է, որ շինարարներն անմիջապես տեղեկացրել են: Հիմա փորձում ենք այս ամենը փրկել և թողնել պատմությանը»,- հավելում է հնագետը:
Պեղված գտածոները կհամալրեն Բերդի թանգարանի ցուցադրությունը: «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանն ունի բավական հարուստ հնագիտական հավաքածու: Ուշագրավ է այն փաստը, որ հավաքածուն ամբողջական դարձնելու համար բացակայում էր հենց այս ժամանակաշրջանի նյութը, որն էլ հետաքրքիր պատահականությամբ բացվեց ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:
Հիշեցնենք՝ Տավուշի մարզի Բերդ համայնքում շինարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է յուրահատուկ խեցեղեն, որն իր հնագիտական բացառիկ արժեքի շնորհիվ անմիջապես գրավել է ոլորտի մասնագետների ուշադրությունը: Մանրամասն՝ այստեղ