«ԱՍԱ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը
«Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրի ներքո մեկնարկած համաժողովը անցկացվում է մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։
Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը միավորել է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, պրոդյուսերներրին և արվեստագետներին` քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ստեղծարար և նորարարական ոլորտները, ապահովելու հայ արվեստագետների և մշակութային գործիչների ներկայացվածությունը միջազգային հարթակներում։
Համաժողովն անցկացվել է պանելային քննարումների ձևաչափով։ Տեղացի և միջազգային փորձագետների, որոշում կայացնողների և ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ քննարկվել են մշակութային քաղաքականության հիմնարար հարցեր, որոնք վերաբերել են ռեսուրսների և հնարավորությունների ապակենտրոնացմանն ու թվայնացմանը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարներին, արվեստագետների իրավունքներին, մշակութային և ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցությանը։
Պանելային քննարկումներն ուղեկցվել են տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ:
Համաժողովը կեզրափակվի «Բիզնեսն՝ արվեստին» մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կպարգևատրվեն այն ընկերությունները, որոնք աջակցում են արվեստին և նպաստում մշակույթի զարգացմանը։