Ստորջրյա և ցամաքային հնագիտական պեղումներ Բերդկունք ամրոցում

Ստորջրյա և ցամաքային հնագիտական պեղումներ Բերդկունք ամրոցում

Աշխատանքներն իրականացվում են պարսպապատի հյուսի-արևելյան հատվածում և հրվանդանի ափամերձ բարձունքում։

Պարսպապատի շարունակության բացման աշխատանքներում տեսանելի են դարձել ևս մեկ բրգաշտարակի հիմնապատեր։ Պարսպապատը, ըստ օդալուսանկարների, տեղ-տեղ պահպանված հատվածներով շարունակվում է դեպի արևմուտք։ Այն հնարավոր կլինի բացել հետագա պեղումներով, հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։ 

Առափնյա հրվանդանում հայտնաբերվել են քառապատրույգ ճրագաման, խեցեղեն բեկորներ և վանակատից ցլեպներ։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ հայտնաբերված նյութը վերաբերում է երկաթի դարից մինչև զարգացած միջնադար ժամանակահատվածին (ավելի մանրամասն՝ լաբորատոր աշխատանքների ավարտից հետո)։

Պեղումների արդյունքում բացվել է նաև ժայռափոր թաղում՝ անհատի ոսկորներով և երկու ամբողջական ծովախեցիով (կաուրի)։

Ցամաքային պեղումներից զատ իրականացվել են նաև ստորջրյա հնագիտական աշխատանքներ։ Ստորշրջյա ուսումնասիրություններն արվել են Սևանա լճի գաղտնիքները բացահայտող սուզորդ  Աննա Մատիկյանի(Anna Martikyan) օգնությամբ և հնագետ Լևոն Մկրտչյանի (Levon Mkrtchyan) մասնակցությամբ։




Խնդիր էր դրված՝ որոնել լճից դեպի բերդ տանող որևէ ուղի (քարանձավ) և մարդկային կենսագործունեության որևէ հիշատակում (հաշվի են առնվել նաև տեղացիներների պատմություններն ու հիշողությունները)։ Դիտարկվել է Բերդի հարավային կողմից դեպի հյուսիս մոտ 10000 քմ ստորջրյա տարածք (ափի երկայնքով մոտ 500 մ․)։ Ստորջրյա աշխատանքներ են իրականացվել 3-7 մ խորություններում։

Ուսումնասիրության արդյունքում 3-5 մ խորորություններում հայտնաբերվել է
որմնասյուն հիշեցնող բեկոր, որից էլ մի քանի մետր դեպի արևելք գտնվել է քանդակի բեկոր։ Ակնհայտ է, որ գտածոներն իրենց նախնական տեղում չեն։ Դիտարկված տարածքում նշմարվել են քարաբեկորներ, որոնց տաշվածքը ենթադրում է մարդկային գործոնի ազդեցություն։

Նախորդ հոդվածը
Խնձորեսկի հնավայրը շուտով ավելի բարեկարգ ու հասանելի է դառնալու
Հաջորդ հոդվածը
Հոկտեմբերի 17-ը՝ ոչ նյութական ժառանգության օր