Խաղաղություն՝ մշակութային սպանդին զուգահեռ
Օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը
Caucasus Heritage Watch-ը (CHW) գրում է, որ ադրբեջանցիները հողին են հավասարեցրել նաև Ստեփանակերտում գտնվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողը։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը հայտնել է, որ հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես մեկուսացված դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության համակարգված վերացման և պատմական հիշողության ջնջման լայն գործընթացում։
Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը, որը ներառում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված մարդկային աճյուններով, առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ուներ։ Դեր Զորը հայկական հավաքական հիշողության մեջ ոչ միայն աշխարհագրական տեղանուն է, այլև ցեղասպանության ողբերգական գագաթնակետը մարմնավորող սիմվոլ, այն վայրը, որտեղ հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության և մահվան երթերի։ Այդպիսի հուշարձանի ոչնչացումը նշանակում է ոչ միայն նյութական արժեքի կորուստ, այլև ուղղակի հարված պատմական հիշողությանը, զոհերի հիշատակին և նրանց ժառանգների ինքնությանը։
Այս գործողությունը պետք է դիտարկել միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության համատեքստում։ Մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում՝ UNESCO-ի հովանու ներքո ընդունված փաստաթղթերին։ Սակայն տվյալ դեպքը ցույց է տալիս, որ նման գործողությունները շարունակվում են՝ հաճախ անպատժելիության պայմաններում, ինչը խթանում է դրանց կրկնությունը։
Ավելին, հուշարձանի ոչնչացումը կրում է ոչ միայն մշակութային, այլև հստակ քաղաքական և գաղափարական բնույթ։ Այն նպատակ ունի վերաձևավորելու տարածքի պատմական նարատիվը՝ ջնջելով հայկական ներկայության վկայությունները և ստեղծելով «դատարկ» պատմական տարածք։ Սա դասական օրինակ է մշակութային ցեղասպանության դրսևորման, երբ ոչնչացվում են ոչ միայն մարդիկ, այլև նրանց հիշողությունը, մշակույթը և գոյության նյութական ապացույցները։