Երեխայի խորթ մայրը կալանավորվեց
Սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Երևանում 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվեց 2 ամսով։
Ավելի վաղ՝ մարտի 16-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երկու ամսական տղա երեխա, որին ըստ նախնական տեղեկությունների, ծեծի է ենթարկել խորթ մայրը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով։ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։
Դատախազությունից էլ դեպքի առթիվ հայտնել էին, որ շուրջ 1,5 ամիս երեխայի նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրվել, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է արվել։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։