ՀԱՅԿԱԿԱՆ ՋՐՀՈՐ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ուկրաինայում բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել
Ուկրաինայի Տերնոպոլի մարզում բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել։ Ուկրաինայի հայերի միությունը հայտնում է, որ Յազովլեց գյուղում պատահաբար բացված կոթողը կառուցել են տեղի հայերը 1611 թ․-ին, այն իրենից ներկայացնում է եզակի ջրհոր, որի վրա պահպանվել է հայերեն և լատիներեն փորագրված արձանագրություն, որտեղ մասնավորապես գրված է․
«Հայ Հակոբը սա կառուցել է 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչն ու կառուցված աղբյուրը Հակոբի և նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Աբրահամը՝ քարագործ վարպետը, կատարեց իր գործը նվիրվածությամբ»։
Սալի վերին մասում պատկերված է թևերը տարածած արծիվ, որի տակ խաչ է՝ բարդ ծաղկային նախշերով։
414 տարեկան կառույցի մեծ մասը գտնվում է գետնի տակ: Արտաքինից սովորական քարե շարվածքով աղբյուրի տակ հայ արհեստավորների կողմից 17-րդ դարում ստեղծված բարդ հիդրավլիկ կառուցվածք է։ Հզոր աղբյուրից ջուրը նախ հոսում է ստորգետնյա ջրամբար, ապա նոր միայն դուրս է գալիս:
Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ արհեստավորները փորագրված զարդանախշեր են ստեղծել նաև տեղի եկեղեցու և հին ամրոցի դարպասների համար։