Արցախի մայր թատրոնը վերածնվում է

Արցախի մայր թատրոնը վերածնվում է

Արցախի պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է երևանյան գործունեության առաջնախաղին

Հայաստանի թատերական գործիչների միության և "ԴԻԱԼՈԳ" կազմակերպության, նրանց ղեկավարներ Հակոբ Ղազանչյանի և Յուրի Նավոյանի համագործակցության, ջանքերի և աջակցության շնորհիվ Երևանում վերաբացվում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը։

«Ահա այսպես՝ սրտացավ և նվիրական մարդկանց շնորհիվ, Արցախի մշակույթի ու պատմության արժեքը հասկացող մարդկանց ջանքերով, մենք՝ տասներեք հոգանոց խմբով, արդեն վերսկսել ենք մեր գործունեությունը և շատ մոտ ապագայում պատրաստվում ենք Ձեր դատին հանձնել մեր առաջին ներկայացումը»,- իր ոգևորությունը չի թաքցնում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը։ «Մեծ հույսեր ունենք, որ ապագայում կկարողանանք ընդլայնել մեր թիմը՝ ներգրավելով նաև թատրոնի մյուս կոլեգաներին»։



Առաջին ներկայացումը, որով հանդես կգա Արցախի մայր թատրոնը, պատահականորեն չի ընտրվել․ այն արցախյան բարբառով, Արցախի համն ու հոտը, արցախցու պարզությունն ու շիտակությունն ամբողջացնող ստեղծագործություն է։

Ներկայացման հիմքում Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ» կամ «Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունն է։  Ստեղծագործական թիմի նպատակն է՝  այս ներկայացման միջոցով առիթ ստեղծել, որպեսզի ծանր հոգեբանական ապրումներից հետո հոգսաշատ արցախցին (և ոչ միայն)  ապրի ուրախության և ջերմության պահեր։

 

«Մեր մեծ ցանկությունն է՝ հիշողության թևերով ձեզ տուն տանել ոչ թե ցավ ու տխրություն, այլ՝ ծիծաղ և ուրախություն պարգևելու ակնկալիքով»,- անկեղծանում է Ռուզան Խաչատրյանը։ «Իսկ այստեղի մեր հայրենակիցների համար սա հիանալի հնարավորություն է՝ հաղորդակիցը դառնալու Արցախի բարբառի համ ու հոտին, նրա պարզ ու անմիջական մարդկանց, միջավայրին և առօրյային

Արցախն ապրելու է, քանի ապրում է նրա մշակույթն ու ավանդույթները և այդ ամենն արժևորող հայրենանվեր մարդիկ»։

Արցախի կորուստը ծանր հարված էր բոլորիս համար , այդ թվում ՝ արվեստի մարդկանց։ Նրանց համար շատ դժվար է հաղթահարել ամեն բան ու վերադարռնալ արվեստ՝ ստեղծելու իրական ու անկեղծ գործեր։ Արցախի  համ ու հոտը լավագույնս արտացոլող այս ներկայացումը արցախցի դերասանների համար նաև  թերապևտիկ նշանակություն ունի, ասում է ներկայացման ռեժիսորը։ Դերասաններն այս գործի միջոցով կվերականգնվեն, կվերագտնեն իրենց ու պատրաստ կլինեն հետագայում էլ զարմացնելու ու մեծ հույզեր պարգևելու հանդիսատեսին։

Եվ այսպես Նոյեմբերի 12-ին, ժամը 19։00-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա Արցախի դրամատիկական թատրոնի երևանյան գործունեության առաջնախաղը։ Տոմսերն արդեն վաճառքում են։


 

Նախորդ հոդվածը
Գառնու տաճարի արքունական բաղնիքի խճանկարի վերականգնումը շարունակվում է
Հաջորդ հոդվածը
Եգիպտոսում բացվում է աշխարհի ամենամեծ թանգարանը